BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ղարաբաղյան հակամարտության հարցում որևէ այլ մոտեցում, օրակարգ չկա»

«Ղարաբաղյան հակամարտության հարցում որևէ այլ մոտեցում, օրակարգ չկա»
22.01.2019 | 04:13

Իրատեսի զրուցակիցն է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ:

-Տիկին Ալավերդյան, օրերս ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման մասին, որի ընթացքում էլ արծարծվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը: Արդյո՞ք տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում նոր բան է ասում այս հայտարարությունը:
- Շատ դժվար է մեկնաբանել՝ չունենալով հստակ տվյալներ: Ես այն մարդկանցից եմ, որոնք սովոր չեն մեկնաբանելու, հետևելու և հավատալու ադրբեջանական ԶԼՄ-ներին: Մենք զգում ենք հստակ տեղեկատվության պակաս հայկական կողմից, ինչն անհանգստացնող է: Այս օրերին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների 4-ժամանոց հանդիպման մասին նույնպես բավականաչափ տեղեկություն չտրամադրվեց: Միակ բանը, որ իմացանք 4 ժամ տևած զրույցից, այն էր, որ արգործնախարարները համաձայնություն են ձեռք բերել երկկողմանի վստահության ճանապարհով ընթանալու մասին, ինչը, անշուշտ, շատ քիչ էր: Երկրորդ՝ Ազգային ժողովում նշվեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի որոշումները մնում են ուժի մեջ, այնինչ այդ երկու որոշումներին Ադրբեջանն այդպես էլ չի համաձայնել: Տեսանելի այս անորոշությունները գոնե հայաստանյան փորձագիտական շրջանակների համար անհանգստացնող են: Իհարկե, որոշ փորձագետներ կարող են հատուկ խողովակներով ինչ-ինչ տեղեկություններ քաղել, բայց դա բավարար չէ, ու մենք այսօր ինֆորմացիայի խիստ պակաս ունենք:
-Նշեցիք, որ նոր իշխանությունների հայտարարություններն անհանգստացնող են: Հին և նոր իշխանությունների քաղաքական օրակարգում ինչ-որ բան փոխվե՞լ է:
-Տեսեք՝ քաղաքական առումով մենք ունենք մի շարք հայտարարություններ, որոնք լայն հասարակության կողմից ընկալվել են որպես նոր մուտքեր: Լինի դա այն, որ վարչապետը հանդես չի գալու որպես Արցախի կողմ, կամ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցված այն թեզը, որ արցախահայությունը, գտնվելով ցեղասպանական վտանգի ներքո, ընտրել է անկախության ճանապարհը: Բայց եթե մենք ռեալ գործընթացն ենք վերցնում, ապա գոնե առայժմ չենք տեսնում որևէ այլ բան, քան Մադրիդյան սկզբունքները, որոնք բերված են 2007 թվականից հետո: Փաստորեն որևէ այլ մոտեցում, օրակարգ չկա, կամ էլ մենք տեղյակ չենք: Այսօր ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլև խնդրով հետաքրքրված մարդիկ համոզված են, որ Հայաստանը պարտավոր է նոր առաջարկություններով հանդես գալու, ոչ թե մերժելու Մինսկի խմբի աշխատանքը, այլ նոր առաջարկություններ անելու այդ շրջանակում: Ինչքան էլ հայկական կողմն այժմ ասում է, որ բանակցողը պետք է Արցախը լինի, Ադրբեջանը մերժում է այդ մոտեցումը: Մեր հարևան երկրի դիրքորոշումը, այն է` տարածքային ամբողջականության հարցը, տևական ժամանակ անփոփոխ է մնում, սրան էլ ավելանում են հայկական կողմի ոչ հստակ ուղերձները, ու անհանգստություններ են առաջ գալիս:
-Ենթադրենք՝ իշխանափոխություն տեղի չունենար, նախորդ գործընթացում առաջընթաց կունենայի՞նք:
-Խիստ կասկածում եմ: Բոլոր տարիներին ես քննադատել եմ նախկին իշխանություններին՝ սկսած առաջին նախագահից վերջացրած երրորդով: Այն դիրքորոշումը, որն ուներ առաջին նախագահը, ի սկզբանե տապալված էր, նահանջողական, պարտվողական: Ի՞նչ են արել երկրորդ և երրորդ նախագահները՝ ի տարբերություն առաջինի: Միայն մեկ բան. նրանք կարողացել են քայլ առ քայլ պահպանել ստատուս քվոն, այսինքն ժամանակին Արցախին պատկանող տարածքները հետ վերադարձնել: Չեմ ուզում նսեմացնել այդ արդյունքը, բայց փաստաթղթային առումով այն, ինչ դրվել է սեղանին, որպես առաջին նախագահի քաղաքականության արգասիք, մնացել է անփոփոխ: Բոլոր զրույցները, կրավորական կոնսենսուսային արտահայտությունները չեն աշխատել, որովհետև Ադրբեջանը դրանց չի համաձայնել: Ինչ վերաբերում է փոխզիջումներին, դրանց մասին դժվար է խոսել, որովհետև Ադրբեջանը մշտապես խոսում է միայն մեկ կողմի տոնայնությամբ: Կարծես այդ երկիրը չէ, որ 88-ից սկսած որոշել է ավարտին հասցնել հայերի` 20-րդ դարասկզբում սկսված ցեղասպանությունը: Մենք պետք է հասկանանք, որ այն տոնայնությունը, քաղաքականությունը և դիրքորոշումը, որն անընդմեջ արտահայտում է Ալիևը, միջազգային հանրության կողմից քար լռության պարագայում, խոսում է այն մասին, որ այս տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը, դիվանագիտական, պետական մակարդակով, նահանջ է ապրել:
-Փաստորեն, նոր իշխանությունների ամենանշանակալի քայլը վերելակում Ալիևի հետ կարճ զրույցն է եղել:
-Ես մի քանի անգամ հրաժարվել եմ մեկնաբանել դա: Լուրջ չեմ համարում այնպիսի պայմանավորվածությունները, որոնց մասին իմանում ենք բանավոր, ժողովրդական բանահյուսության շրջանակներում: Մենք չենք կարող լուռ մնալ, երբ խոսքն Արցախի հարցի մասին է: ՈՒնենք այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են Բիշքեկի արձանագրությունը, զինադադարի մասին գրավոր պայմանավորվածությունը և այլն, որոնք ամենակոպիտ ձևով խախտվում են Ադրբեջանի կողմից:
-Օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ նախատեսվում է Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ գագաթնաժողով: Սա ի՞նչ ազդակ է մեր իշխանություններին և հասարակությանը:
-Մի կողմ դնելով բոլոր այն վարկածները, որոնց մասին մենք միայն կարող ենք կռահել, ենթադրություն անել, պետք է ասեմ՝ դա Ռուսաստանի կողմից բազմավեկտորային քաղաքականության դրսևորում է: Բազմիցս եմ ասել՝ երբ խոսում ենք Ռուսաստանի մասին, չգիտես ինչու, դրական ակնկալիքներ ու վերաբերմունք ենք ակնկալում Հայաստանի նկատմամբ: Ես այդպիսի ակնկալիքների հարթակում չեմ դիտարկում որևէ պետության, այդ թվում` Ռուսաստանի քաղաքականությունը:
Ռուսաստանից` որպես այս տարածքի գերիշխող, չպետք է ակնկալել, որ նա մտածելու է իր դաշնակիցների, նոր միայն սեփական ազգային շահի մասին: Երբ Ռուսաստանը խոսում է Ադրբեջան-Իրան-Ռուսաստան հարաբերությունների մասին, ուզում է հակադրվել Իրանի հանդեպ ունեցած ԱՄՆ-ի դիրքորոշմանը: Եվ այս առումով, որպես թյուրքական երկրորդ պետություն այս տարածքում Ադրբեջանն ընդգրկվում է, ցույց տալու համար, որ այնպիսի դաշնակցային հարաբերություններ, ինչպիսիք կան Ռուսաստանի և Թուրքիայի միջև, Ադրբեջանի միջոցով շարունակական բնույթ են կրում Հարավային Կովկասում:
-Նոր իշխանության ներկայացուցիչները նախընտրական շրջանում անընդհատ շրջանառում էին այն թեզը, որ հետայսու ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում պետք է ակտիվորեն ներառվի հենց ղարաբաղյան կողմը, այսինքն, այդ առումով աշխատանքներ տարվեն, սակայն այսօր բանակցող կողմ շարունակում են մնալ երկու պետությունների արտաքին գործերի նախարարները:
-Դիվանագիտական կամ պետական մակարդակներով աշխատանք հնարավոր է անցկացվի ամենատարբեր խողովակներով, որի մասին մենք կարող ենք չիմանալ, բայց երևացող որևէ փոփոխություն այդ դաշտում չկա: Իսկ եթե ինչ-ինչ բաներ արվում են, ապա դրանց արդյունքները մեզ համար տեսանելի չեն:
-Շուտով մեկ տարի կլինի, ինչ նոր իշխանությունները ղեկավարում են երկիրը. նրանք ունե՞ն բավարար ներուժ իրենց առաջ քաշած օրակարգը զարգացնելու և իրոք օրակարգային դարձնելու:
-Եթե կառավարությունում և Ազգային ժողովում հմուտ փորձագիտական խմբեր չընդգրկվեն, ընտրված ճանապարհը մեզ համար լավագույնը չի լինի: Միջազգային հարաբերությունների մեջ մեկ անզգույշ բացթողումը կարող է երկարատև հետևանքներ ունենալ: Այն, ինչ մենք տեսնում ենք այս դաշտում, առանց հմուտ փորձագետների ընդգրկման չի կարելի շարունակել: Բոլոր պետություններում, այդ թվում մեր հարևան երկրում, բավականին մեծ ինստիտուտներ, փորձագիտական խմբեր են աշխատում հակամարտությունների հարցում: «Ինքնուս կոմպոզիտորի» կարգավիճակով կամ իրավիճակային քննարկումներ անելով ցանկալի արդյունքի չես կարող հասնել:

Զրույցը վարեց
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ